Տաթեվի վանք

Հազար տարեկան Տաթևի վանական համալիրը գտնվում է Հայաստանի հարավում՝ գողտրիկ և ռազմավարական առումով բնական առավելություն ունեցող վայրում։ Այն նայում է Որոտան գետի կիրճին և շրջապատված է զառիթափ ձորալանջերով և փարթամ անտառներով։

Միջնադարում Տաթևը Հայաստանի ամենակարևոր հոգևոր կենտրոններից մեկն էր։ Այն ուներ նաև խոշոր գիտական և քաղաքական նշանակություն։ Գործել է Տաթևի համալսարանը, որի ժառանգությունը պահպանվել է առ այսօր՝ բազմաթիվ մագաղաթների ձևով։ Համալիրը Սյունիքի մարզպետության քաղա­քական հենարանն էր։ Վանքի պատերի ներսում ականավոր Գրիգոր Տաթևացին և նրա հետևորդները գրել են նամակ-ուղերձներ իրենց ժամանակների համաշխարհային առաջնորդներին և հեղինակել են գիտական աշխատություններ, որոնք այսօր համաշ­խարհային մշակութային ժառանգության մաս են նույնչափ, որչափ և Տաթևի վանքի ճարտարապետական հուշարձանները։

Վանքն ինքնուրույն հոգում էր իր հանապազորյա կարիքները։ Վանքում գործում էր ձիթհանը, ալրա­ղացները և ավանդական թոնիրը։ Տաթևում բնակվող հարյուրավոր վանականների, ուսանողների և հոգևորականների սննդի համար անհրաժեշտ մթերքները մշակվում և պատրաստվում էին Տաթևի վանքի տարածքում կամ շրջակա վանքապատկան հողակտորներում։ Ավելցուկը վաճառվում և փոխա­նակվում էր։

Տաթևն ուներ խիստ զարգացած ջրամատակարար­ման և ոռոգման համակարգ, որի կավե խողովակ­ներով սարերից հոսող աղբյուրների խմելու ջուրը տեղափոխվում էր վանք և մերձակա տարածքներ։ Սա հնարավորություն էր տալիս Որոտան գետի կիրճում մշակել խաղողի, մրգատու այգիներ, որտեղ աճում էր մրգերի և բանջարեղենների լայն տեսականի ներառյալ ձիթապտուղը, որը տարածված չէր այդ շրջանում։ Ձորի խորքում մեկուսացված Մեծ Անապատ վանքի մերձակայքում գործում էր նաև գինու արտադրություն, որը տնտեսապես և վարչական առումով կապված էր Տաթևի վանքի հետ։ Շրջակա գյուղերի բնակիչները մշակում էին մրգատու այգիներ, աշխատեցնում էին ձիթհանը և այլ արտադրություններ։ Իրենց բերքի մի մասը գյուղացիները տալիս էին վանքին։

Տաթևը գիտական և մշակութային մեծ վերածնունդ ապրեց 14-րդ դարում՝ Տաթևի համալսարանի բաց­ման շնորհիվ։ Համալսարանը հիմնադրվեց 1390 թ. Հովհան Որոտնեցու կողմից և հետագայում իր ծաղ­կունքին հասավ Գրիգոր Տաթևացու գլխավորությամբ։ Տաթևի համալսարանը խիստ առաջադեմ կրթական և գիտական հաստատություն էր, որը բաղկացած էր երեք տարբեր դպրոցներից։ Դպրոցներից յուրա­քանչյուրը բաժանված էր տարբեր ֆակուլտետների ներառյալ աստվածաբանության, փիլիսոփայության, ճարտարապետության, մատենագրության և ման­րանկարչության ֆակուլտետներ։

Տաթևի համալսարանի կրթական և գիտական ավանդույթները դադարեցին 1435 թվականին, երբ վանքը գրավվեց Լենկթեմուրի գահակալներից մեկի Շահռուխի կողմից։ Ողջ մնացած վանականները ստիպված էին տեղափոխվել երկրի հյուսիս և հաստատվել Սանահինի վանքում։

Հետագա դարերի ընթացքում Տաթևի վանքը վերա­պրեց հոգևոր կյանքի վերելքի ժամանակաշրջաններ, կատարվեցին վերանորոգման աշխատանքներ, սա­կայն այն երբեք չվերգտավիր միջնադարյան փառքը։ 1931 թ. երկրաշարժը վանքը վերածեց ավերակների։ Խորհրդային իշխանության վերջին տարիներին մի քանի փորձ էր արվել վերականգնել վանքը, սակայն այդ աշխատանքները իրականացվեցին թերություն­ներով և մնացին անավարտ։ Դրանք ոչ միայն հանգեցրին պատմական և ճարտարապետական անճշտությունների, այլև ջրի հոսքի շարունակական քայքայիչ ազդեցության պատճառ դարձան։ Այսօր վանքի ամբողջական վերանորոգումը և վանական կյանքի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի հիմնական բաղադրիչներն են նպատակ ունենալով շարունակել Հայաստանի մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և ամրապնդման բազմադարյա ավանդույթը Տաթևում։

դիտել բոլորը