«Տաթեվի վերածնունդ» ծրագիր

Վանքը, համայնքը և զբոսաշրջությունը «Տաթևի վերածնունդ» ծրագրի անբաժանելի տարրերն են:  Տաթևի վանքը տարածաշրջանի ամենաարժեքավոր բաղադրիչն է և մրցակցային առավելություն է տալիս շրջակա վեց գյուղերին, իսկ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ զարգացումը կարող է եկամուտ ապահովել և խթանել տեղական տնտեսության զարգացումը: Սակայն, զբոսաշրջությունը չի կարող զարգանալ, քանի դեռ այն չի արմատավորվել ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ և չի միաձուլվել վանքի հետ: ՎԱՆՔԸ պետք է պահպանվի տեղի բնակչության կողմից, իսկ զբոսաշրջիկների թողած միջոցների հաշվին կիրականացվի «Տաթևի վերածնունդ» ծրագրի երեք փոխադարձաբար միմյանց հզորացող բաղադրիչները՝ վանք, համայնք, զբոսաշրջություն:

Դարեր շարունակ Տաթևի պարսպապատ վեհաշուք վանական համալիրը թաքնված է եղել աշխարհի մոռացված, հեռավոր և դժվարանցանելի մի անկյունում:  Մինչև 2016 թվականը Տաթևը վեր կհառնի' որպես  աշխույժ մշակութային և համայնքային բարգավաճման կենտրոն: Տաթևի հզոր կառույցները կվերականգնվեն, իսկ համալիրի հոգևոր և գիտական ավանդույթները կրկին կյանքի կկոչվեն:  Վանքի շրջակա գյուղերը կպարուրվեն այնպիսի ներշնչանքով և եռանդով, որը չեն զգացել  դարեր շարունակ: Տաթևն աշխարհից առանձնացնող սարսափազդու կիրճը երկնքով կկամրջվի՝ հնարավորություն տալով աշխարհի տարբեր երկրներից ժամանած  այցելուներին հայտնագործելու այն, ինչը հազարավոր տարիներ առաջ հասկացել էին հայ վանականներն ու գիտնականները. Տաթևը դրախտի մի փոքրիկ անկյուն է երկրի վրա՝ կապող օղակ, որտեղ հանդիպում և միահյուսվում են հոգևորն ու աշխարհիկը: Սա է «Տաթևի վերածնունդ» ծրագրի տեսլականը:

Ծրագիրը կազմված է երեք բաղադրիչներից.

1)      Վանքի վերականգնում՝ կառուցվածքային և հոգևոր,
2)      Համայնքային զբոսաշրջության զարգացում՝ ներառյալ  վանքի շրջակա ութ գյուղերը,
3)      Զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծում' Հալիձորի մոտակայքում հյուրանոցի և Որոտան գետի կիրճի վրայով անցնող աշխարհի ամենաերկար ճոպանողու կառուցում:

Առատաձեռն նվիրատվությունների, մասնագետների ժամանակի և փորձի ներդրման, ինչպես նաև վեհ ավանդույթների վերականգնման բուռն զգացմունքների շուրջ միավորվելու շնորհիվ' «Տաթևի վերածնունդ» ծրագիրը երկարատև ազդեցություն կունենա վանքի ժառանգության շարունակական պահպանման, շրջակա համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական կյանքի, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության վրա: 

Միացե'ք մեզ: Դարձեք այդ ժառանգության մի մասը: