Օդային անցուղի

Որոտան գետի գեղատեսիլ կիրճի վրայով 5.7 կմ ձգվող Տաթևի ճոպանուղին, որն աշխարհի ամենաերկար հետադարձելի օդային անցուղին է, հավակնում է դառնալ զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկը Հայաստանի հարավում:

Լինելով ինքնին ճարտարագիտական հրաշք' այս ճոպանուղին ոչ միայն թույլ կտա զմայլվել անդնդախոր կիրճի գեղեցկությամբ. այն առավել հասանելի կդարձնի հայ միջնադարի մարգարիտներից մեկը' Տաթևի վանքը: Կարելի է ասել, որ վանքը ճոպանուղու միաժամանակ և ելակետն է, և վերջնանպատակը, քանի որ դա այն վայրն է, որից ամեն ինչ սկսվեց:

Իսկ ամեն ինչ սկսվեց վանքի վերածննդի գաղափարից: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հնարավորություններ էր փնտրում նոր շունչ հաղորդել ժամանակին կյանքով լի Տաթևի վանքին: Բոլոր քննարկումները բերում էին այն եզրակացության, որ Տաթևի փառապանծ անցյալի վանական, գիտական և մշակութային ավանդույթները վերականգնելու, ինչպես նաև վանքի ճանաչումը ապահովելու համար' որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս, առաջին հերթին, անհրաժեշտ է լուծել դրա հասանելիության խնդիրը: «Տաթևի վերածնունդ» ծրագրի գաղափարը ծնվեց, երբ բարեգործներից մեկն առաջարկեց խնդրի նորարարական, սակայն հավակնոտ լուծում, որը նաև կարող էր խթանել տարածաշրջանի տնտեսական զարգացումը և նոր հնարավորություններ ընձեռեր հարևան գյուղական համայնքներին: Եվ այդ լուծումն էր օդային անցուղու կառուցումը' աշխարհի ամենաերկարն իր տեսակում:   

 

Օդային անցուղու կառուցումը ստանձնեց համաշխարհային առաջնորդ համարվող «Գարավենտա» շվեյցարական ընկերությունը, որն ունի ավելի քան 30 տարվա փորձ համանման ենթակառույցների տեղադրման գործում: Պլանավորման և նախագծման աշխատանքները մեկնարկեցին 2009թ.-ին, իսկ կառուցումը կավարտվի 2010թ. աշնանը: Հոկտեմբերին տեղի կունենա Տաթևի ճոպանուղու հանդիսավոր բացումը և «Տաթևի վերածնունդ» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

 

5.7 կմ երկարությամբ օդային անցուղին պահում են երեք հենարաններ' տեղադրված երկու կայանների միջև: Կայաններից մեկը գտնվում է Հալիձոր գյուղի վերևում' բարձունքի վրա, իսկ մյուսը' Տաթևի վանքի շրջակայքում' դեպի Տաթև գյուղը տանող ճանապարհի մոտ: Ճոպանուղու մաքսիմալ արագությունը կազմում է  37 կմ/ժ, իսկ մեկ ուղղությամբ ուղևորության տևողությունը' 11 րոպե: Ճոպանուղու մաքսիմալ բարձրությունը կիրճի վրա 360 մետր է: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական տրամվայ' մինչև 25 ուղևոր տարողությամբ: Տրամվայները պահում են վեց ճոպաններ' երեքը յուրաքանչյուրի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում: Ճոպանները պատրաստվել են տվյալ կառույցի առանձնահատկությունների հաշվարկով: Դրանք կարող են տեղափոխել բեռեր, որոնք 10-15 անգամ գերազանցում են նոմինալ բեռնվածությունը: Կառույցն օժտված է նաև դիզելային շարժիչով, որը միանում է էլեկտրաէներգիայի անջատման դեպքում:

Եվ չնայած տարբեր խնդիրների, այդ թվում' երկարատև ոչ բարենպաստ եղանակային պայմանների հետևանքով շինարարության ընթացքի խաթարման, տեղական հողի հետ առաջացած խնդրի պատճառով Տաթևի կայանի համար նոր տիպի հիմքի ստեղծման անհրաժեշտության և այլն, ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, իսկ օդում արդեն զգացվում են նոր ճոպանուղու բացման սպասելիքները:

դիտել բոլորը